AM
19 Փետրվար 2026 - 13:53 AMT

Ավանեսյան․ 65-ից բարձր անձանց համար կան դեղեր, որոնք ամբողջությամբ փոխհատուցվում են

65 տարեկանից բարձր քաղաքացիների համար կան դեղեր, որոնք ամբողջությամբ փոխհատուցվում են պետության կողմից: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում 65+ տարիքի անձանց համար կան դեղեր, որոնք ամբողջությամբ են փոխհատուցվում պետության կողմից. հասանելի դեղերի ցուցակը հրապարակված է: Կան դեղեր, որոնց համար գործում են համավճարներ»,-ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը:

Նախարարը հավելել է, որ 65 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները, որոնք նախկինում իրենց կենսաթոշակից ամսական միջինը մոտ 20 հազար դրամ են ծախսել դեղորայք ձեռք բերելու համար, այժմ այդ ծախսը չեն կատարում, քանի որ այն հոգում է պետությունը։

«2026 թ․ հունվարի 1-ից՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, 65+ տարիքի անձինք շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում: Քաղաքացիների տարիներով կուտակված առողջական խնդիրները ի վերջո լուծում են ստանում»,-ասել է նա:

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։