AM
20 Փետրվար 2026 - 09:07 AMT

Դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, տնօրենին՝ կարգադրագիր տրվել

Կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն սովորողի իրավունքների հնարավոր խախտումների մասին, որի հիման վրա դպրոցի նկատմամաբ իրականցվել է վարույթ՝ տնօրենին կարգադրագիր տրվել:

Դիմումատուն նշել է, որ իր որդին դասերի ընթացքում երբեմն վատ է զգում և դուրս է գալիս դասասենյակից, սակայն բացակայած օրերին նշանակվում են ցածր գնահատականներ կամ գնահատականներ են նշանակվում առանց դաս պատասխանելու։

Դիմումում բարձրացվել են նաև հետևյալ հարցերը՝ ուսուցիչների կողմից տնային հանձնարարությունների կատարման նկատմամբ հետևողականության ապահովումը, համապատասխան գրավոր աշխատանքների տրամադրումը, ուսուցման գործընթացում հոգեբանի ներգրավման անհրաժեշտությունը՝ դասերի ընթացքում սովորողների հնարավոր ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված, առարկայական ծրագրերի կատարման արդյունավետությունը, սովորողի նվազագույն գիտելիքների ապահովումը, մշակութային միջոցառումների կազմակերպման հետևողականությունը։

Վարույթի ընթացքում որպես փորձագետ ներգրավվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանը։ Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են՝ էլեկտրոնային դասամատյանը, դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, դասալսումների արձանագրությունները, սովորողի թեմատիկ և գործնական աշխատանքները, դասղեկի աշխատանքային ծրագիրը և հաշվետվությունները, դպրոցի և ծնողի միջև կնքված պայմանագիրը, մեթոդական միավորումների արձանագրությունները։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սովորողի ամփոփիչ և գործնական գրավոր աշխատանքների գնահատականները համընկնում են էլեկտրոնային մատյանում գրանցված տվյալների հետ։ Մաթեմատիկայի ուսուցչի պարզաբանմամբ՝ «Հանրահաշիվ» առարկայից մեկ գնահատականի փոփոխությունը պայմանավորված է եղել նույն անունով երկու սովորողների առկայությամբ, և կատարվել է սահմանված ժամկետում։

«Հասարակագիտություն» առարկայի մասով գնահատականի փոփոխություն չի արձանագրվել, իսկ բացակայությունը փոխարինվել է գնահատականով՝ գործող կարգին համապատասխան։ Տնային աշխատանքների և ուսուցման կազմակերպման հարցը դպրոցի տնօրինությունը պարզաբանել է, որ «Իմ դպրոց» հարթակում տնային հանձնարարությունների տեղադրումը պարտադիր չէ։

Ուսուցիչները ներկայացրել են, որ կիրառվում են քարտային և թեմատիկ մեթոդներ, տրամադրվում են գրավոր առաջադրանքներ, իրականացվում են փոխադարձ դասալսումներ և վերահսկողություն մեթոդական միավորումների շրջանակում։

Վարույթի ընթացքում հաստատվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է, ինչի արդյունքում չեն իրականացվել հոգեբանի պաշտոնին վերապահված գործառույթները։

Միաժամանակ, վարույթի ընթացքում սովորողի գնահատման գործընթացում իրավական նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածով և 54-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուսումնական հաստատությանը, ի դեմս տնօրենի տրվել է կարգադրագիր․ կազմակերպել աշխատանք սովորողի և նրա ծնողի հետ՝ սովորողի կրթական առաջընթացին աջակցելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Նաև կարգադրվել է կազմակերպել ծնողական ժողով՝ պարզելու կիրառվող ուսուցման մեթոդների վերաբերյալ ծնողների դիրքորոշումները և ապահովելու արդյունավետ հաղորդակցություն։

Հանձնարարվել է ապահովել դպրոցում հոգեբանի հաստիքի համալրումը՝ ուսուցման գործընթացում սովորողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով: