Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բուժառուներին մասնագիտական հետազոտությունների կարող են ուղեգրել ոչ միայն ընտանեկան բժիշկները, այլև նեղ մասնագետները, եթե խորհրդատվության ընթացքում դրա անհրաժեշտությունn առաջացել է։ Այd մասին Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի ընթացքում հայտարարել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով ուղեգրման ընթացակարգին։
«Քանի որ ընտանեկան բժիշկն ունի որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ մասնագիտական ուղղություններով, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում որոշ հիվանդությունների բուժման, ապա այդ նպատակով կարող է ուղեգրել համապատասխան հետազոտությունների իրականացման»,-ասել է հիմնադրամի տնօրենը, հայտնում է Արմենպրեսը:
Նրա խոսքով՝ մարզերից Երևան մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով այցելած բուժառուների համար ավելորդ դժվարություններ չառաջացնելու համար սահմանվել է հնարավորություն, ըստ որի՝ որոշ հետազոտությունների դեպքում ուղեգրում կարող է տրամադրել նաև նեղ մասնագետը, եթե դրա անհրաժեշտությունը ծագել է։
«Հնարավորինս փորձել ենք անհարմարություններից զերծ պահել և իրականության վրա հիմնված որոշումներ կայացնել, մեխանիզմներ ներդնել, որպեսզի շեղում չլինի, ավելորդ անհարմարություններ չստեղծենք մեր բուժառուների համար»,-ընդգծել է Խարազյանը։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։
Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։





