Հայաստանում 7-րդ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, հայտնում է «Հերացի վերլուծական» կենտրոնը:
Ըստ շաբաթական ամփոփ տվյալների, ՍՇՎ տարածվածությունն աճել է։ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, ինչպես նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի համակցված գնահատմամբ՝ 2026 թվականի 7-րդ շաբաթում (09.02-15.02.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը եղել է 78, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 18%-ով։
Ծանր ՍՇՎ-ով նոր արձանագրված դեպքերը կազմել են հոսպիտալացվածների ընդհանուր թվի 9%-ը՝ նախորդ շաբաթվա 7.4%-ի դիմաց։
Տարիքային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 5 տարեկանների մասնաբաժինը ևս ավելացել է՝ հասնելով ընդհանուր դեպքերի 55%-ի (43 դեպք)՝ նախորդ շաբաթ արձանագրված 50%-ի փոխարեն։
Դեպքերի 40%-ը (31 դեպք) բաժին է հասել 5-14 տարեկաններին, 4%-ը (3 դեպք)՝ 15-29 տարեկաններին, իսկ 1%-ը (1 դեպք) արձանագրվել է 30-64 տարեկանների շրջանում։ Ծանր ՍՇՎ-ով չորս հիվանդ՝ բոլորը մինչև 5 տարեկան, ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտության ենթարկված նոր ծանր ՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 8։
Ծանր ՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն գրանցվել։
Պաշտոնական հրապարակումների համաձայն՝ Հայաստանում շարունակվել է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի և պարագրիպի հարուցիչների շրջանառությունը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփ տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրիպի տարածաշրջանային ցուցանիշները թե՛ առաջնային, թե՛ հիվանդանոցային օղակներում շարունակել են նվազել՝ սեզոնի սկզբում արձանագրված բարձր մակարդակից հետո։
Հոսպիտալացումների գերակշիռ մասը կազմել են 65 և բարձր տարիքի անձինք։
Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակել է մնալ շրջանառվող հիմնական տեսակը (77%), թեև արձանագրվել է նաև A(H1) վիրուսի շրջանառություն (23%)։ Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը գերազանցել է 10% համաճարակային շեմն՝ կազմելով 28%, մինչդեռ նախորդ շաբաթ այն եղել է 33%։ 31 երկրում դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 13%, իսկ ևս 22 երկրներ հաղորդել են առնվազն 10% մակարդակ։
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը պահպանվել է 3%։
Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե չի փոփոխվել։ RSV դրական նմուշների մակարդակն եղել է 10%։ Մինչև 5 տարեկան երեխաները շարունակել են կազմել դեպքերի գերակշռող բաժինը։





