AM
20 Փետրվար 2026 - 13:19 AMT

Աջափնյակում կրակոցների գործով քրգործ է հարուցվել մեկ անձի նկատմամբ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում արձանագրված կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել մեկ անձի նկատմամբ: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Ազատությունը»:

ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում տվյալ անձի նկատմամբ իրականացվել է հանրային քրեական հետապնդում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով)։

Նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում մեկ սպանության, ինչպես նաև նույն բնույթի յոթ սպանության փորձի, ապօրինի զենքի շրջանառության և խուլիգանության համար։

Կայացվել է նաև ձերբակալման որոշում։

Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեց անձ վիրավորվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։