Բուժաշխատաողները բողոքի ակցիայի են հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո նրանք աշխատավարձերը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր: Ակցիայի ժամանակ այս մասին ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են մոտ 30 տոկոսով ցածր աշխատավարձեր, իսկ պոլիկլինիկաներում՝ երբեմն 2-3 անգամ ցածր։ Այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետները, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը սովորաբար վարձատրվում էին պերկապիտալ (մեկ շնչի հաշվով. խմբ․) սկզբունքով, իրենց աշխատավարձը բավականին իջել է»,- նշել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատավարձերի ուշացումը բազմաթիվ աշխատակիցների համար առաջացրել է խնդիրներ բանկային պարտավորությունների կատարման հարցում։
Ակցիայի մասնակիցները կոչ են արել առողջապահության ոլորտի պատասխանատուներին մեկ սեղանի շուրջ նստել և սկսել կառուցողական քննարկումներ։
Պողոսյանը նաև նշել է, որ համակարգը մեկնարկել է շտապողական կերպով՝ առանց քաղաքացիների և բուժաշխատողների պատշաճ իրազեկման։
«Դեկտեմբերի 31-ին հիվանդանոցների հետ zoom հարթակում ինչ-որ փաստաթղթեր էին ուզում, անգամ հիվանդանոցների հետ պայմանագրեր չունեին, սակայն հունվարի 1-ից մեկնարկում էր համակարգը։ Ապահովագրությունը ներդրվեց առանց հիմնադրամի ստեղծման, և առ այսօր անհասկանալի է, թե այդ հիմնադրամն ինչպես ու ինչ աշխատողներով է ստեղծվել։ Ներդրման պահին մենք Ապահովագրական հիմնադրամում ունեինք 1 աշխատող՝ տնօրենը»,- նշել է Պողոսյանը։
Նրա գնահատմամբ, համակարգը ներդրվել է բազմաթիվ բացթողումներ և չլուծված հարցեր անտեսելով, իսկ այսօր բուժաշխատողների թերի հաշվարկված աշխատավարձերը հենց այդ բացերի հետևանքն են դարձել։
Բազմաթիվ դժվարությունների պատճառներից մեկը նաև Armed էլեկտրոնային առողջապահական համակարգի պարբերական խափանումներն են դարձել։ Բժշկական համայնքը գերծանրաբեռնված է և այդ պայմաններում ակնկալել է համարժեք վարձատրություն, ինչը, սակայն, չի ապահովվել։
Համատեղությամբ աշխատող անձանց պարագայում առողջության ապահովագրության վճարները կրկնակի են գանձվել։
«Բուժաշխատողների աշխատավարձերն իջել են, որովհետև սխալ հաշվարկներ են արվել, մարդիկ, որոնք պացիենտի հետ չեն շփվում, այդ տիտանական աշխատանքը չեն կատարում ու մարդկանց կյանքեր չեն փրկում, որոշել են, որ բուժաշխատողի աշխատավարձը պետք է այդքան լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ուրոլոգ, անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ արձանագրվել են դեպքեր, երբ բուժաշխատողները ապահովագրության շրջանակում ստացել են ընդամենը 19-50 հազար դրամ աշխատավարձ։
Ակցիայի մասնակիցները մտադիր են նամակներ հանձնել Ազգային ժողովի նախագահին և խորհրդարանի բոլոր խմբակցություններին՝ դիմելով կազմակերպել խորհրդարանական լսումներ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության համակարգի բացերի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը:
«Մեր պահանջն է՝ փոխեն վճարման կարգը, բուժաշխատողի վարձատրման նվազագույն շեմը վերահաշվարկեն, և թող աշխատի ապահովագրական համակարգը, դա իրքո հարց է լուծելու մեր երկրի բնակիչների համար»,-ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ խնդրի կարգավորումը պետք է իրականացվի պետության կողմից և չպետք է կատարվի բուժաշխատողների հաշվին։
«Հասարակության մի շերտը չպետք է տուժի մյուս շերտի խաթր: Մենք խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ ոնց որ թե սոցիալական արդարություն չի կիրառվում։ »,-ասել է նա։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարեկանը լրացած մեծահասակները՝ առանց բացառության։ Նշված խմբի համար 2026 թվականին գործելու է պետական 100 տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության տարեկան փաթեթը կազմում է 129,600 դրամ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի դիմաց ամսական վճարելու են 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող նրանց վճարի զգալի մասը հատկացվելու է ապահովագրական համակարգին։





