AM
23 Փետրվար 2026 - 14:41 AMT

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027-ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թվականի հուլիսի 1-ը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ։ Միաժամանակ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամանները ունենալու են լիարժեք իրավական ուժ, հայտնում է 1lurer.am-ը:

Սահմանվել է նաև անցումային կարգավորում, ըստ որի՝ ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա։

Գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը թվային համակարգ մուտքագրելու պարտադիր ժամկետը ևս երկարաձգվել է՝ սահմանվելով մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Սահմանվել է նաև, որ ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ, երբ աշխատանքը կատարվելու է Հայաստանից դուրս, աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարեցումը թվային համակարգով չի իրականացվելու։

ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների և ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ։ Ըստ դրանց՝ 2027 թվականի հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում պայմանագրերը սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

Նախկինում այդ պահանջը նախատեսվել էր 2026 թվականի հունվարի 1-ից։