AM
24 Փետրվար 2026 - 10:55 AMT

Թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան:

Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մանկապարտեզի սաների ծնողներն էլ հայտնել են, որ տնօրենի պաշտոնակատարին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։

2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում ենթադրյալ խախտումներ են բացահայտվել՝ մանկապարտեզում գրանցված կեղծ հաստիքներ, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր, հայտնում է Factor.am-ը:

Մանկապարտեզի նկուղում, ըստ ծնողների, հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ և այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից:

Մանկապարտեզի տնօրենն ու տնտեսվարն աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Մանկապարտեղզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը, սակայն, շուտով նոր դիմում է գրել ու խնդրել անկատար թողնել իր՝ աշխատանքից ազատման դիմումը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, սակայն, նրան ազատել է աշխատանքից՝ ներկայացված նախնական դիմումի հիման վրա։ Դանիելյանը դիմել է դատարան՝ վիճարկելով իր ազատման կարգադրությունն ու դատարանում հաղթել։ Ծնողները, հասկանալով, որ նախկին տնօրենը կարող է վերադառնալ աշխատանքի, որոշել են չլռել։ Ստորագրահավաք են կազմակերպել, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի կարգադրությամբ Դանիելյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում վերականգնվեց փետրվարի 20-ին։ Նույն օրը մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել մանկապարտեզում։ Նրանք նշում էին՝ Դանիելյանը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում։