Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան՝ չհաշված հետվճարը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ: Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է. որի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է նա։
Նա հիմնավորել է որոշումը 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվածից բարձր լինելու հանգամանքով:
«Առաջինը՝ գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025-ին եղել է կանխատեսվածից բարձր, ընդ որում՝ ավելի բարձր նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումից: Հայաստանի քաղաքացիներն այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետևյալն է․ դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը և, ճիշտն ասած, բավականին մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտը, թե ինչքանով են մեր կնախատեսումները համապատասխանում և բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար և հունվարի ու փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը, այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Բայց ուզում են ընդգծել նաև, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»,-ասել է վարչապետը:
Մինչդեռ մոտ երկու ամսի առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե եթե նույնիսկ թոշակները բարձրացնեն, թոշակառուները չգիտեն՝ ինչպես արդյունավետ ծախսեն գումարը։
«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», – ասել էր նա:
Թորոսյանը 2025-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ այս պահին հնարավոր չէ կենսաթոշակները բարձրացնել՝ նշելով, որ թոշակները չբարձրացնելով իրենք խրախուսում են, որ ավելի շատ թոշակառու օգտվի հետվճարի ծրագրից:





