AM
25 Փետրվար 2026 - 07:05 AMT

Թորոսյան․ Բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով, քանի որ բարձրանում է հիմնական կենսաթոշակը

Բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով, քանի որ բարձրանում է հիմնական կենսաթոշակը, ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան՝ չհաշված հետվճարը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կա հիմնական կենսաթոշակ հասկացություն, որը 24,000 դրամ է։ Այն դառնալու է 34,000 դրամ։ Այսինքն` բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24,000 դրամը ներառյալ, այսուհետև հաշվարկվելու են 34,000 դրամով, հետևաբար բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով։

Բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որը 36,000 դրամ է, հետևաբար այն դառնալու է 46,000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը՝ այն կենսաթոշակը, որը վճարվում է քաղաքացիներին, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն»,- ասել է Թորոսյանը։

Նա հայտարարել է, որ 10,000 դրամով բարձրանալու են նաև 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալություն ունեցող անձանց նպաստները:

«36,000 դրամ, 37,500 դրամ և 39,000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46,000, 47,500 դրամ և 49,000 դրամ»,-հավելել է նախարարը:

Կբարձրանան նաև զինվորականների երկարամյա ծառայության թոշակները, որտեղ կիրառվել են այլ բանաձևեր՝ միջին աճը կազմելու է մոտ 8000-8500 դրամ, որոշ դեպքերում՝ 15,000 դրամ, որոշներում էլ՝ 8000 դրամից պակաս։

Ավելանալու են նաև կերակրողին կորցրած անձանց վճարումները։

Հիշեցնելով, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն աճել են, նախարարն ընդգծել է, որ դրանց գումարվելու են նաև հետվճարներից գոյացած միջոցները։

«Վերջինով խրախուսվում է, որ ստվերի շրջանառությունը փոքրանա, և պետական բյուջեն մեծանա, որը նույնպես դառնալու է կենսաթոշակ»,-ասել է Թորոսյանը:

Թորոսյանը 2025-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ այս պահին հնարավոր չէ կենսաթոշակները բարձրացնել՝ նշելով, որ թոշակները չբարձրացնելով իրենք խրախուսում են, որ ավելի շատ թոշակառու օգտվի հետվճարի ծրագրից:

Մոտ երկու ամսի առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե եթե նույնիսկ թոշակները բարձրացնեն, թոշակառուները չգիտեն՝ ինչպես արդյունավետ ծախսեն գումարը։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», – ասել էր նա: