«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումը, թե իշխանությունը 2018-ից ի վեր չի բարձրացրել կենսաթոշակները, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ տարիներից ի վեր մի շարք վերանայումներ արդեն եղել են, գրում է Factor.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Նա նշել էր, որ ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնեն՝ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձրերը՝ ավելի քիչ:
Կենսաթոշակների բարձրացման մասին Փաշինյանը հայտարարությանն արձագանքելով՝ Կարապետյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ իշխանությունն ութ տարի հնարավորություն է ունեցել կենսաթոշակները բարձրացնելու, սակայն «մատը մատին չի տվել»:
«․․․Հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ»,-գրել է նա:
Վերջին ութ տարում սա առաջին դեպքը չէ, երբ կենսաթոշակների չափը վերանայվել է։ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրվել է «նվազագույն կենսաթոշակ» հասկացությունը։ Մինչ այդ գործել է հիմնական կամ բազային կենսաթոշակ, որը կազմել է 16,000 դրամ։
2019-ին նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 25,500 դրամ, իսկ 2026-ի դրությամբ այն կազմել է 36 հազար դրամ։ 2020 թվականին կենսաթոշակները ևս մեկ անգամ ավելացել են՝ 10 տոկոսի չափով։
2023 թվականի հուլիսի 1-ից կրկին բարձրացվել են միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրամադրվող նպաստների չափերը։ Այդ ժամանակ նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ՝ նախկին 21,000 դրամի փոխարեն։
Հայաստանում 2022-ին ներդրվել է նաև կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը։ Կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները ՀՀ տարածքում անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում ամսական ծախսած գումարի որոշակի տոկոսը կարող են ստանալ հետվճարի ձևով։ Սկզբնական շրջանում այն կազմել է 10 տոկոս։
2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի չափը բարձրացել է 12 տոկոսից և հասել 20 տոկոսի։ Արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը, կախված անկանխիկ վճարումների ծավալից, կարող է ավելանալ մինչև 10,000 դրամով՝ նախկին առավելագույն 6000 դրամի փոխարեն։ Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
2025 թվականի տվյալներով՝ կենսաթոշակի միջին չափը կազմել է 49 հազար 32 դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով, քանի որ բարձրանում է հիմնական կենսաթոշակը:





