AM
26 Փետրվար 2026 - 09:01 AMT

Պերկովիչ․ Շատ բարդ հանդիպում է «Նոային» սպասում, գիտենք, թե ում դեմ ենք խաղալու

Շատ բարդ հանդիպում է «Նոային» սպասում, ասել է Հայաստանի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «ԱԶ Ալկմարի» հետ հանդիպումից առաջ: Նա մեծ սպասելիքներ ունի իր ֆուտբոլիստներից:

«Շատ բարդ հանդիպում է սպասվում: Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու: Նրանք այժմ խաղալու են սեփական հարկի տակ` իրենց երկրպագուների առջև: Հիմա ավելի բարդ խաղ կլինի, քան առաջինն էր: Մենք նրանց շատ ենք հարգում, բայց նաև հավատում ենք ինքներս մեզ: Պատրաստ ենք պայքար մղելու»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Մարզչի գնահատմամբ՝ յուրաքանչյուր երկրպագու այժմ էլ կարող է հպարտանալ այն արդյունքներով, որոնց հասել է Հայաստանի չեմպիոնը։

«Անձամբ ինձ համար էլ կարևոր խաղ է։ Յուրաքանչյուր ոք, ով ֆուտբոլում է, ձգտում է հնարավորինս առաջ գնալ: Մենք հիմա շատ բարձր մակարդակի վրա ենք: Մեր առաջխաղացումը խաղային առումով ակնհայտ է: Մենք այստեղ չենք եկել որպես զբոսաշրջիկ, այլ ցանկանում ենք պայքար մղել: Մեր նպատակը մեկն է, շարունակել հաջողությունը»,-հավելել է նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը «Նոան» փետրվարի 26-ին հյուրընկալվելու է նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին։ Առաջին մրցավեճում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1։0 հաշվով։