Ջրանջատումներ լինելու են, պարզապես հարցը հետևյալն է՝ ինչպիսին պետք է լինի ջրանջատումների տևողությունը, հայտնել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
Նա հայտնել է, որ «Վեոլիա ջուրը» գրաֆիկի փոփոխության որոշում կայացնելուց առաջ չի համաձայնեցրել այն կոմիտեի հետ, հայտնում է Panorama.am-ը:
«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ՝ հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է, «Վեոլիան» չի խաբում, նախապես ասում է՝ ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարող ապահովել: Մենք ունենալու ենք ջրանջատումներ, պարզապես հարցը հետևյալն է՝ ինչպիսին պետք է լինի ջրանջատումների տևողությունը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ գրեթե նույն ժամանակացույցը, երեք փողոցի տարբերությամբ, հրապարակվել է նաև նախորդ տարվա նոյեմբերին, սակայն այն ժամանակ նման արձագանք չի եղել։ Ղալամքարյանը ընդգծել է, որ ներկայումս նախընտրական շրջան է և որոշ շրջանակներ փորձում են թեման շահարկել։
«Այս պահին մեր խնդիրը «Վեոլիայի» հետ այն է, որ կարելի է ժամանակացույցը լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածեր, այսինքն ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցում փոփոխություն չի լինելու։
«Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել կասեցնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցի գործողությունը։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների համեմատ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,- գրել է Ավինյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել է իր կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։
Ընկերությունն անդրադարձել է նոր ջրասպառողների թվի կտրուկ աճին և գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությանը:





