AM
26 Փետրվար 2026 - 14:02 AMT

Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից» մրցաշրջանի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական «Ինտերից», հայտնում է Factor.am-ը FCInterNews-ի վրա հղումով:

Ըստ հրապարակման՝ միլանյան ակումբը ծրագրել է երիտասարդացնել թիմի կազմը և հրաժարվել մի շարք փորձառու ֆուտբոլիստներից, որոնց թվում նշվել է նաև 37-ամյա հայ կիսապաշտպանը։ Մխիթարյանի գործող պայմանագիրը ավարտվելու է այս մրցաշրջանի վերջում։

Ամռանը «Ինտերից» հեռանալու են պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը, ինչպես նաև դարպասապահ Յան Զոմերը։ Միաժամանակ անորոշ է մնում Նիկոլո Բարելայի, Էնդի Դիուֆի, Դավիդե Ֆրատեզիի, Հաքան Չալհանօղլուի, Մարկուս Թյուրամի և Դենզել Դումֆրիսի ապագան ակումբում։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականին միացել է «Ինտերին», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։