Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ևս ընդգրկել պարտադիր ապահովագրության համակարգում՝ նկատի ունենալով, որ վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ այս տեսակի տրանսպորտային միջոցների թիվը աճել է։
Մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, ինչպես նաև 127 տրիցիկլ և քվադրիցիկլ, հայտնում է 1lurer.am-ը:
Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացրել են ԱԺ-ից։
Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների բարձրացրած հարցերին։
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել ներկայացված նախաձեռնությունը։
Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նախագծին, այն կներառվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։





