FlyOne Armenia ավիաընկերությունը մարտի 3-ին իրականացնելու է հատուկ չվերթ Մասկատից դեպի Երևան, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ տոմսերը հասանելի են FlyOne-ի պաշտոնական բջջային հավելվածում, նաև ընկերության պաշտոնական կայքում։
Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը նշված է 1049 եվրոյից սկսած (ուսապարկով)։ Օրինակ, 25 կգ ուղեբեռի դեպքում ավելանալու է ևս 65 եվրո, հայտնում է Sputnik Արմենիան:
Բջջային հավելվածում ևս մեկ թռիչք նշված է մարտի 4-ին, ավիատոմսի արժեքը՝ 899 եվրոյից սկսած։
Հայտնի չէ, թե ով պետք է վճարի ավիատոմսի համար՝ ուղևո՞րը, թե՞ ՀՀ կառավարությունն է աջակցելու։
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ավիաընկերությունների՝ FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways հետ՝ հնարավոր չվերթներ կազմակերպելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Օմանում, Կատարում և Լիբանանում Հայաստանի դեսպանությունները շարունակում են կապ պահպանել քաղաքացիների հետ։
Այս պահի դրությամբ զոհերի շարքում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն եղել։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





