AM
3 Մարտ 2026 - 11:54 AMT

Աշխարհի լավագույն 50 բուհ ընդունվածներին կտրամադրվի մինչև 10 մլն դրամ աջակցություն

Կառավարությունը որոշել է աջակցել աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված ուսանողներին՝ ուսման վարձի փոխհատուցման ձևաչափով։ Այդ մասին մարտի 3-ին կայացած կառավարության նիստում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվել է մինչև 10 մլն դրամի չափով աջակցություն տրամադրելու հարցը, հայտնում է 1lurer.am-ը:

«Կարծում եմ՝ դա բավականին մեծ գումար է, որոշ դեպքերում դա ընդհուպ հավասար է այդ թոփ 50 համալսարաններից որևէ մեկի ուսման վարձի՝ մինչև 70-80 տոկոսի չափով փոխհատուցմանը»,- ասել է պատգամավորը:

Նա կոչ է արել հետևել կառավարության առաջիկա որոշումներին՝ նախատեսվող արտոնությունից օգտվելու համար։

Սիսակ Գաբրիելյանը հավելել է, որ պայմանների վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել, սակայն տեղեկությունը կհրապարակվի առաջիկայում։

Ավելի վաղ կառավարությունը ներկայացրել էր օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ աշխարհի լավագույն 50 համալսարանն ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու պարագայում, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: