AM
6 Մարտ 2026 - 07:59 AMT

Կրակոցներ՝ Արաբկիրում․ Մեկ վիրավոր կա

Մարտի 6-ին վաղ առավոտյան կրակոցներ են հնչել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Մեկ անձ ստացել է վիրավորում: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Կատարվում է նախաքննություն»,-ասել կոմիտեից։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ տարածքում հայտնաբերվել է 6 կրակված պարկուճ։

Նախնական տվյալներով՝ վիրավորը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք կան այլ վիրավորներ, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։

Ըստ տեղեկությունների՝ կրակոցները հնչել են ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի մոտ, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառոյի» դիմաց։