UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Hype Brazil մրցաշարում խեղդող հնարքով առավելության է հասել Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի մարտիկ Մուհամադ Մոկաևի նկատմամբ։
10 րոպե տևողությամբ մենամարտում մարզիկները մրցել են գրեփլինգի կանոններով։ Մենամարտի ավարտական հատվածում Ծառուկյանը մրցակցին տապալել է գետնին և կիրառել խեղդող հնարք, ինչից հետո մրցավարը դադարեցրել է պայքարը, հայտնում է Factor.am-ը:
25-ամյա Մուհամադ Մոկաևը խառը մենամարտերում անցկացրել է 15 հանդիպում և տարել նույնքան հաղթանակ։ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 մենամարտի՝ գրանցելով 23 հաղթանակ և կրելով 3 պարտություն։
Հայ մարտիկը մարտի 28-ին նախատեսում է մասնակցել նաև RAF (Real American Wrestling) ազատ ոճի ըմբշամարտի լիգային, որտեղ ռևանշ մենամարտ կանցկացնի ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։





