Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգում, որը կրում է նրա անունը։ Համապատասխան որոշումը ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։
«Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Արմենպրեսը:
Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ղեկավարել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում՝ բազմաթիվ հրեաներից կազմված խմբավորում, որը դիվերսիոն գործողություններ է իրականացրել նացիստների դեմ։
Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է Ֆրանսիական դիմադրության շարժման ամենաակտիվ խմբավորումներից մեկը։
Մանուշյանը և նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին նացիստների կողմից ենթարկվել մահապատժի։ Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս։
2024թ․ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը վերահուղարկավորվել է Փարիզի Պանթեոնում: Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։
Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի: 2023-ի թետրվարի 21–ին նրա աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում։ Նա Դիմադրության առաջին օտարերկրացի և կոմունիստ մարտիկն է, որը հուղարկավորվել է Պանթեոնում։





