AM
14 Մարտ 2026 - 07:44 AMT

Ցիկլոն է մոտենում․ Սպասվում են տեղումներ՝ թաց ձյուն և ձնախառն անձրև

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի:

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում մարտի 14-ի առավոտյան, մարտի 15-16-ին և 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում մարտի 14-ի ցերեկը կանխատեսվում է +10…+12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին՝ +4…+6 աստիճան։