Առաջարկվել են մի շարք կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին. առաջինը՝ հավաստագրման գործընթացի միասնականացումն է:
Mիասնական ձևով սահմանվել են հավաստագրման դիմելու համար ներկայացվող պահանջները, ինչպես նաև հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընդհանուր մոտեցումները։
Նախարարի խոսքով՝ այդ մոտեցումը հնարավորություն է տվել վարել միասնական քաղաքականություն և հետագայում հավաստագրման քննությունների կազմակերպման ընթացակարգերը առավել մոտեցնել միմյանց։
Օրենսդրական փաթեթով նախատեսված հաջորդ փոփոխությունը վերաբերել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին։ Առաջարկվել է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել՝ սահմանելով այն մինչև 4 տարեկան երեխաների համար։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվել է 2 տարիքային շեմ․ ընդհանուր առմամբ 4-6 տարեկան երեխաների համար սահմանվել է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ գործում է միայն մեկ նախադպրոցական ծառայություն, նախատեսվել է հնարավորություն ստեղծել 3-6 տարեկանների համար նախակրթարանների գործունեությունը ապահովելու։
Նշված կարգավորումը հնարավորություն է տվել ընդլայնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ Կառավարության ռազմավարական նպատակներին համապատասխան։
Հարցը առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի մարտի 17-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն։





