AM
18 Մարտ 2026 - 09:11 AMT

«Հայաստան–Արցախ» երիտասարդական միությունը սատարում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

«Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին` ամբողջությամբ կիսելով դրա գաղափարներն ու ռազմավարական նպատակադրումները: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Նշվում է, որ երաշխավորված խաղաղությունը երիտասարդ սերնդի համար վստահության և հայրենիքում մնալու բանաձևն է:

«Պատրաստ ենք ամբողջ ներուժով սատարել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։ Պատրաստ ենք ակտիվ մասնակցել ծրագրի հզորացմանը և գաղափարների կյանքի կոչմանը։

Պատրաստ ենք կանգնելու Գագիկ Ծառուկյանի կողքին, ինչպես նա կանգնեց մեր կողքին՝ օգնելով հազարավոր երիտասարդների միավորվել «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական միության շուրջ և իրագործել մեր ծրագրերը։

Երաշխավորված խաղաղությունը երիտասարդ սերնդի համար վստահության և հայրենիքում մնալու բանաձևն է։

Մենք բարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Արցախի երիտասարդությանը։ Դժվար պահին մեր կողքին լինելը երբեք չի մոռացվի։

Երիտասարդների համար խաղաղ, անվտանգ և տնտեսապես կայուն Հայաստանը նշանակում է արժանապատիվ և որակյալ կրթություն, մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մրցունակ վարձատրություն, բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն, պետական աջակցությամբ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հստակ և հասանելի մեխանիզմներ։

Մենք միանում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և առաջ ենք քաշում մեր ծրագրային առաջարկները.

  1. Ռազմաարդյունաբերական և ռազմավարական ոլորտներում կրթություն ստացած երիտասարդների համակարգային ներգրավում, գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացում, միջազգային փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնում,
  2. Արցախից տեղահանված երիտասարդների համար պետական հոգեբանական և սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացում։
  3. Կրթության և աշխատաշուկայի համակարգային համադրվածություն
  4. Կրթական ծրագրերի վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով
  5. Երիտասարդական ձեռներեցության խթանում
  6. Անտոկոս կամ արտոնյալ վարկային գործիքների և նպատակային դրամաշնորհների տրամադրում,
  7. Մարզերում հեռավար աշխատանքի և նորարարական հաբերի ստեղծում
  8. Քաղաքացիական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության ընդլայնում
  9. Պետական կառույցներում երիտասարդական խորհրդատվական մարմինների ձևավորում։

Մենք պատրաստ ենք մեր երիտասարդական ավյունն ու գիտելիքներն օգտագործել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կենսագործման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան »,–ասել է նա։