AM
23 Մարտ 2026 - 07:15 AMT

Ավինյանի հոր գործով վերաքննիչը վճռել է՝ «Օպելի» վարորդները իրավական պաշտպանության ենթակա «խումբ» չեն

Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի աղմկահարույց արտահայտության գործով, այն պատճառաբանությամբ, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդները իրավական պաշտպանության ենթակա «խումբ» չեն։

Հուլիսի 4-ին առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ներկայացրած հայցը։ Մեկ ամիս անց պատասխանող կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պնդելով, որ այդ վճիռը իրավաչափ չէ և պետք է բեկանվի, հայտնում է Factor.am-ը:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում պատասխանող կողմը նշել է, որ Ավինյանի հոր արտահայտությունը սխալ է մեկնաբանվել։

«…Պտի 500,000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ ամեն իրա գեղի «Օպել»-ով…»․ այս արտահայտությունը, ըստ նրանց, վիրավորելու նպատակ չի ունեցել։ Նրանց գնահատմամբ՝ այն հնչել է խցանման պայմաններում՝ ի պատասխան լրագրողի սադրիչ հարցի և արտահայտել է դժգոհություն երթևեկությա ծանրաբեռնվածությունից։

Արմեն Ավինյանը նշել է, որ ինքը բացասական վերաբերմունք չի դրսևորել «Օպել» մակնիշի մեքենաների վարորդների նկատմամբ և փորձել է ուշադրություն հրավիրել կայանատեղիների վճարների բարձրացման անհրաժեշտության վրա՝ հղում կատարելով միջազգային փորձին։

Իսկ հայցվորի ներկայացուցիչը պնդել է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և պետք է մերժվի։ Նրա խոսքով՝ պատասխանողը չի պահպանել օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը՝ հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար, և չի ներկայացրել այդ ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու միջնորդություն։ Փոխարենը ներկայացվել է «Դիրքորոշում» վերնագրով փաստաթուղթ, ինչը գնահատվել է որպես օրենքի շրջանցման փորձ և իրավունքի չարաշահում։

Հայցվոր կողմը նաև պնդել է, որ առաջին ատյանի դատարանը գործը քննել է բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ՝ կայացնելով հիմնավորված որոշում։ Նրանք հղում են կատարել ՄԻԵԴ-ի պրակտիկային՝ նշելով, որ անձանց խմբի նկատմամբ վիրավորական արտահայտությունների դեպքում այդ խմբի անդամները կարող են ունենալ դատական պաշտպանության իրավունք․ «…Պատասխանողը փորձել է շրջանցել հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետի բացթողումը՝ այն ներկայացնելով այլ վերտառությամբ փաստաթղթի տեսքով»։

Դատարանը, սակայն, եզրակացրել է, որ «Օպել» վարողները չեն կարող դիտարկվել որպես առանձին «խումբ»։ Ըստ դատարանի՝ որևէ խմբի անդամ լինելու հիմքով դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է, որ այդ խումբը ունենա ճանաչելիություն, հարաբերական նույնականություն և սոցիալական ընկալմամբ առանձնացվածություն։ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարելու փաստը, դատարանի գնահատմամբ, բավարար չէ նման խմբի ձևավորման համար, քանի որ այդ անձանց չի միավորում ընդհանուր ինքնություն, նպատակ կամ համախմբվածություն։

Միաժամանակ դատարանը նշել է, որ վիճարկվող արտահայտությունը իրավիճակային բնույթ է կրում և վերաբերում է որոշակի վարքագծի նկատմամբ բացասական վերաբերմունքին, այլ ոչ թե որևէ խմբի ինքնության կամ արժանապատվությանն։

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հիմնավոր է համարել առաջին ատյանի դիրքորոշումը, ըստ որի՝ հայցադիմումի պատասխանը պետք է ներկայացվի օրենքով սահմանված ժամկետում, քանի որ այդ պահանջի շրջանցումը խաթարում է կողմերի հավասարության սկզբունքը։

Արդյունքում առաջին ատյանի դատարանի վճիռը ամբողջությամբ բեկանվել է։