AM
23 Մարտ 2026 - 11:01 AMT

ՔԿ․ Զինծառայողի մահը վրա է հասել օրդինատորի անզգուշության հետևանքով

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը՝ հաստատվել է, որ զինծառայողի մահը Երևանի կայազորային հոսպիտալում վրա է հասել օրդինատորի անզգուշության հետևանքով:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի վիճակի ամբողջական գնահատում, ինչի հետևանքով չի հաջողվել կանխել բարդությունների զարգացումը։

Արդյունքում չեն հայտնաբերվել երիկամային համակարգի խնդիրները, թոքային երկարատև հիվանդության վատթարացումը և կիրառվել են ոչ արդյունավետ բուժումներ, ինչը հանգեցրել է Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը։

Հետագայում հիվանդը ուշ տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային բուժհաստատություն, որտեղ արդեն հիվանդության տերմինալ փուլում հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական գործընթացը, ինչը դարձել է զինծառայողի մահվան պատճառ։

Օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: