AM
24 Մարտ 2026 - 08:03 AMT

Կոստանյան․ Նախարարությունների միավորման հարց չի քննարկվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների միավորման հարց չի քննարկվում, հայտնել է ԱՍՀ նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունը:

«Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը։

Չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։

Հարգելի՛ գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում, հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը»,- գրել է Կոստանյանը։