AM
24 Մարտ 2026 - 08:40 AMT

Սևանի ԲԿ տնօրենը մեղադրվում է հափշտակության և կեղծիքի մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Սևանի բժշկական կենտրոնի տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը: Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել։

Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, այդ ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն աշխատանքի չի հաճախել և չի իրականացրել իր պարտականությունները։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ կազմել է կեղծ փաստաթուղթ՝ վերաբերող նշված անձի աշխատանքի հաճախելուն, ինչի արդյունքում բժշկական կենտրոնի բյուջեից որպես աշխատավարձ ավել վճարվել է 2,238,745 ՀՀ դրամ։

ԲԿ տնօրենի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Տնօրենի մտերիմ անձին և բժշկական կենտրոնի աշխատակցին ևս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2,238,745 ՀՀ դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։