Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է տուբերկուլոզի հիվանդացության շարունակական նվազում՝ պահպանելով դրական միտումը։
Դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում 2014 թվականից սկսած հիվանդացությունը նվազել է՝ 34.7-ից հասնելով 11.9-ի՝ 100,000 բնակչի հաշվով 2024 թվականին։ Նույն տարում առաջին անգամ ախտորոշված ակտիվ դեպքերը կազմել են 361, որոնցից 71%-ը եղել է թոքային տուբերկուլոզ։ Դեպքերի 75%-ը գրանցվել է տղամարդկանց, իսկ 25%-ը՝ կանանց շրջանում։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են 45-54 և 55-64 տարիքային խմբերում, իսկ մինչև 14 տարեկանների շրջանում գրանցվել է դեպքերի 5%-ը, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» կենտրոնը:
Տուբերկուլոզը դեռևս համարվել է առողջապահական լուրջ խնդիր աշխարհի բազմաթիվ երկրներում՝ լինելով կանխարգելելի և բուժելի հիվանդություն։ Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ վարակվում է, իսկ մոտ 1 միլիոն մարդ մահանում է այս հիվանդությունից։ Միաժամանակ այն համարվում է վարակիչ հիվանդություններից մահվան հիմնական պատճառներից մեկը աշխարհում։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ 2024 թվականին գրանցվել է տուբերկուլոզի 10.7 մլն նոր դեպք և 1.23 մլն մահ։
Շատ երկրներում տուբերկուլոզով հիվանդացության բեռի նվազման միտում է նկատվում՝ հասնելով տարեկան 10-ից պակաս հիվանդության և 1 մահվան դեպքի` 100,000 բնակչության հաշվով:
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը ամեն տարի նշվում է մարտի 24-ին, հնարավորություն է տվել բարձրացնելու հանրային իրազեկվածությունը հիվանդության առողջական, սոցիալական և տնտեսական ծանր հետևանքների մասին, ինչպես նաև խթանել քայլերը մինչև 2030 թվականը գլոբալ համաճարակի կանխարգելման ուղղությամբ։ Այդ նպատակի համար կարևորվում են գիտական նորարարական առաջընթացները, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի մշակումը։
2026 թվականի կարգախոսն է «Այո՛, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»։ Այն հստակ գործողությունների կոչ է՝ ուղղված կառավարություններին՝ ներդրումների ավելացման, ԱՀԿ նոր ուղեցույցների ներդրման, նորարարությունների կիրառման և բազմաոլորտ համագործակցության խորացման միջոցով հիվանդության վերացման հասնելու համար։
Տուբերկուլոզը հարուցվում է Mycobacterium tuberculosis բակտերիայով և հիմնականում ախտահարում է թոքերը։ Այն կարող է օդում պահպանվել մի քանի ժամ, իսկ վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի, փռշտոցի կամ թքի միջոցով։ Հիմնականում վարակվում են այն անձինք, ովքեր երկար ժամանակ շփվել են հիվանդների հետ։
Տուբերկուլոզը համարվում է նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մահվան հիմնական պատճառը։
Չնայած հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում, դեպքերի զգալի մասը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Չինաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Հարավային Աֆրիկայում։
Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդություն չի զարգացել, և կյանքի ընթացքում հիվանդանալու ռիսկը կազմել է ընդամենը 5-10%։
2015 թվականին ընդունվել է ԱՀԿ «Տուբերկուլոզի վերացման գլոբալ ռազմավարությունը»՝ 2020-2035 թվականների համար, որը նպատակադրել է հիվանդացության նվազեցում 90%-ով և մահացության՝ 95%-ով։
Համաշխարհային մակարդակում 2010-2019 թվականներին արձանագրվել է բուժման հասանելիության աճ՝ 51%-ից մինչև 69%։ COVID-19 համավարակի ընթացքում այդ ցուցանիշը նվազել է մինչև 58%, սակայն 2023 թվականին կրկին հասել է 75%-ի։ Նպատակ է դրվել մինչև 2027 թվականը ապահովել 90% բուժման ծածկույթ։
Խնդիրներից մեկը մնում է նաև դեղակայուն տուբերկուլոզի աճը, որը պայմանավորված է ոչ պատշաճ բուժմամբ։ Եվրոպական տարածաշրջանում տարեկան գրանցվում է մոտ 1300 նման դեպք, իսկ հիվանդների միայն 40-45%-ն է հաջող բուժվել, մինչդեռ մոտ կեսը չի արձագանքել բուժմանը և մահացել է։
Ռիսկի խմբում ընդգրկվում են ՄԻԱՎ-ով հիվանդները, թմրամոլները, ալկոհոլամոլները, հիվանդների հետ շփվողները, վերջերս վարակվածները, դատապարտյալները, շաքարային դիաբետ ունեցողները, ինչպես նաև մի շարք այլ խոցելի խմբեր։
Կարևորվել են նաև կանխարգելման հիմնական քայլերը՝ վաղ հայտնաբերում, դեղազգայունության թեստավորում, հիվանդների լիարժեք բուժում և աջակցություն, կոնտակտավորների զննում և կանխարգելիչ բուժում, ինչպես նաև բարձր ռիսկի խմբերի պարբերական հետազոտություն։
Տուբերկուլոզի դեմ պատվաստումն իրականացվել է ԲՑԺ պատվաստանյութով՝ նորածիններին կյանքի առաջին 48 ժամում, իսկ որոշ դեպքերում՝ ավելի ուշ՝ սահմանված կարգով։





