AM
24 Մարտ 2026 - 09:48 AMT

Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից

Ծիրանենու զանգվածային ծաղկումը Արարատյան դաշտում սպասվել է մարտի 27-ից մինչև ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում, որը մոտեցել է բազմամյա միջին ժամկետին, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հաշվի են առնվել դիտարկված և կանխատեսված եղանակային պայմանները, ինչպես նաև իրականացված մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները:

Մարտի 16-22-ն ընդգրկող ագրոօդերևութաբանական տեղեկության համաձայն՝ շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դաշտերում և այգիներում իրականացվել են էտման, ծառերի բների փխրեցման և սպիտակեցման աշխատանքներ։

Արարատյան դաշտում, ինչպես նաև Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, բազմամյա միջին ժամկետներին մոտ, պտղատու ծառերի բողբոջները ուռել են և մասամբ բացվել, արձանագրվել է նաև առվույտի ցողունների աճ։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է հանգուցային արմատների ձևավորման և թփակալման փուլերում։

Լեռնային գոտիներում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել ձմեռային հանգստի փուլում։ Աշնանացան դաշտերը ծածկված են եղել բավարար ձյան շերտով։

Եղանակային պայմանները նպաստել են աշնանացանի բարեհաջող ձմեռմանը։

Բույսերի բարձրությունը հասել է 8–11 սմ-ի, ինչը համապատասխանել է զարգացման տվյալ փուլին և ապահովել է մշակաբույսերի բնականոն աճը։