AM
25 Մարտ 2026 - 14:35 AMT

ՆԳ նախարար․ Վարորդական քննություններից գոյացող եկամուտները չեն կարող ուղղվել միայն տվյալ համակարգին

Վարորդական քննություններից գոյացող եկամուտները չեն կարող ուղղվել միայն տվյալ համակարգին, ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ:

Նա այդպես է արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկին՝ արտահերթ քննություններից ստացված միջոցների մի մասը հատկացնել համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և տեխնիկական հագեցվածությանը, հայտնում է Արմենպրեսը:

Պատգամավորը նշել է, որ արտահերթ քննությունների ներդրումից հետո վեց ամսվա ընթացքում մոտ 11 հազար քաղաքացի օգտվել է այդ ծառայությունից 16 հազար անգամ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել մոտ կես միլիարդ դրամ։ Նա առաջարկել է այդ միջոցների մի մասը ուղղել համակարգի զարգացմանը՝ բարձրացնելով աշխատավարձերը և ավելացնելով մարզերում օգտագործվող քննության մեքենաների թիվը։

«Չպետք է լինի այնպիսի մոտեցում, որ որևէ կառույցի կողմից գեներացված որևէ միջոցը նպատակային տվյալ կառույցի համար ծառայի։ Սա ընդհանուր պետական բյուջե է, և պետությունը տարվա կտրվածքով ինքն է որոշում, թե դրանք ինչ ուղղություններով ծախսի»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Միաժամանակ նախարարը ընդունել է, որ ոլորտում առկա են աշխատավարձային խնդիրներ։

«Այո, ճիշտ եք նշում, որ աշխատավարձային խնդիրներ կան։ 2025-ին արդեն որոշակի փոփոխություններ իրականացվել են, և որոշակի բարձրացում ենք ունեցել այս առումով։ Առաջիկայում գործարկելու ենք պետություն–մասնավոր նոր մոդել, որի շրջանակներում կանդրադառնանք աշխատավարձային քաղաքականությանը»,- ասել է նա։