AM
28 Մարտ 2026 - 07:50 AMT

Մայր Աթոռ․ Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն

Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն, հայտնում է Մայր Աթոռը:

Նշվում է, որ մոտ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։

«Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա: Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։