AM
28 Մարտ 2026 - 08:06 AMT

Սողանք՝ Կապանում․ Տուժածներ չկան

Մարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։ Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Կապան քաղաքը հորդառատ տեղումների «ռեկորդակիրն» է Հայաստանում։ Այն, իր ֆիզաշխարհագրական դիրքով պայմանավորված, առանձնանում է հորդառատ տեղումներով, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

ՀՀ հիդրոօդերևութաբանական պատմության մեջ տեղումների օրական առավելագույն քանակը գրանցվել է հենց Կապանում՝ 1960թ. հուլիսի 21-ին և կազմել է 176 մմ:

«Որպեսզի պատկերացնենք այդ թվի մեծությունը. Մեկ օրում թափված տեղումները կազմել են Երևան քաղաքի տեղումների տարեկան քանակի կեսից ավելին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի տարածքում մարտի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամնակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Մարտի 28-ին առանձին շրջաններում կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը և ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-ի երեկոյան, ինչպես նաև 30-31-ին և ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Մայրաքաղաքում նույն օրը ցերեկային ժամերին գրանցվել է 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան՝ +9…+11 աստիճան։