AM
31 Մարտ 2026 - 06:45 AMT

Հայաստանի ամերիկյան համալսարանը վերադառնում է ուսուցման առկա ձևաչափին

Հայաստանի ամերիկյան համալսարանը որոշել է մարտի 31-ից վերականգնել առկա ուսուցման գործընթացը՝ վերադառնալով սովորական դասապրոցեսին։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է, որ մարտի 31-ից կրկին անցնում է առկա ուսուցման ձևաչափի։ Այդ մասին տեղեկացվել է համալսարանի համայնքին ուղղված պաշտոնական հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդագրության մեջ նշել է համալսարանի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը, առցանց դասերին ժամանակավոր անցնելու որոշումը կայացվել է բացառապես զգուշավորության նկատառումներից ելնելով՝ առաջնահերթ համարելով համայնքի անվտանգությունը, հայտնում է Factor.am-ը:

Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված հավաստիացումների համաձայն՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ չի եղել, ինչի հիման վրա էլ որոշվել է վերադառնալ բնականոն ուսումնական ընթացքին։

ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը վերսկսվել են առկա ձևաչափով արդեն մարտի 31-ից։

Համալսարանը հորդորել է համայնքի անդամներին շարունակել հետևել իրենց էլեկտրոնային փոստերին և վերջին տեղեկությունների համար առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։

Իրանը հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել տարածաշրջանում գործող ամերիկյան և իսրայելյան համալսարաններին՝ ի պատասխան իր բուհերի վրա իրականացված հարձակումների։ Մի շարք ամերիկյան համալսարաններ մասնաճյուղեր ունեն Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես՝ Տեխասի A&M համալսարանը Քաթարում և Նյու Յորքի համալսարանը Արաբական Միացյալ Էմիրություններում։