«Արմավիր» ՔԿՀ-ում համակարգային խնդիրների հետևանքով ազատազրկված անձինք փաստացի մնում են առանց պատշաճ բուժման, հայտարարել է ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։
«Դիտորդական խմբի այցի ընթացքում արձանագրվել են առողջության և բուժօգնություն ստանալու իրավունքի լրջագույն խախտումներ, որոնք պետք է արժանանան պատասխանատու մարմինների արձագանքին։
Խմբի կողմից փաստագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք կատարել են ինքնավնասումներ, ինքնասպանության փորձեր, հայտարարել հացադուլ, սակայն մնացել են առանց պատշաճ բժշկական օգնության»,- նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ առանձին դեպքերում կալանավորված անձինք կարող են ունենալ հիվանդություններ, որոնք նախնական գնահատմամբ կարող են համարվել պատժի կրման հետ անհամատեղելի, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ անհապաղ բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում։
Նշվում է նաև, որ ՀՀ Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Նելսոն Մանդելայի կանոնները հստակ պարտադրում են․ պետությունը պարտավոր է ապահովել ազատազրկված անձանց առողջությունը։
«Բայց իրականությունը հակառակն է․ մարդիկ փակված են համակարգում, որտեղ նրանց ձայնը հասանելի չէ հասարակության լայն շրջանակին և բուժում ստանալը կախված է մի շարք հանգամանքներից։
Ազատությունից զրկված անձինք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց առողջությունը և պետությունն է ստանձնում լիարժեք պատասխանատվություն նրանց կյանքի և առողջության համար։
Դիտորդական խումբը պահանջում է․
- Ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն բոլոր արձանագրված դեպքերով,
- Քննարկել ազատազրկված անձանց պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ուսումնասիրության և անկախ բժշկական գնահատումների հետ կապված հարցերը,
- Պատշաճ բժշկական վերահսկողության տակ պահել ինքնավնասում, ինքնասպանության փորձ կատարած, հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակը»,-ասվում է հայտարարության մեջ:





