Ապրիլի 2-ին Արմավիրի Բաղրամյան համայնքի ՊՆ զորավարժարանում պայմանագրային զինծառայող է մահացել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
«Պայմանագրային զինծառայողը մահացել է: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,-ասվում է գրառման մեջ:
Պաշտպանության նախարարությունը որևէ հաղորդագրություն չի տարածել:
Shamhsyan.com-ի տեղեկություններով` պայթյունի հետևանքով 29–ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։





