Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում:
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության կողմից իրականացվող ամենօրյա շրջայցերի և հսկողական միջոցառումների ընթացքում հերթական դիտարկումն է կատարվել Եղեգիսի անտառապետության թիվ 1 պահաբաժնի տարածքում՝ Եղեգիս գետի ձախափնյա հատվածում։
Ծառայողական պարտականությունները կատարելիս արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում ներառված կենդանատեսակների, մասնավորապես՝ բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակների բնական շարժը տվյալ տարածքում։
«Կենդանիների խմբի առկայությունը, նրանց հանգիստ վարքագիծը և տեսակային բազմազանությունը վկայել են, որ տվյալ էկոհամակարգում ձևավորված է բարենպաստ և անվտանգ կենսամիջավայր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բեզոարյան, կամ վայի այծը ներկայիս տնային այծերի հիմնական նախնիներից է: Բեզոարյան այծերն իրենց անվանումը ստացել են ստամոքսում առկա կարծրացած մազափնջի շնորհիվ, որն այլ կերպ անվանում են բեզոար: Նախկինում մարդիկ բեզոարը համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ Բեզոարյան այծերի քանակի կրճատման պատճառ է հանդիսացել: Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:





