ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Հրազդանի կիրճում հանգստի գոտու ձևավորման նախագիծը, որը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ նախագիծն իրականացվելու է կիրճի սկզբից մոտ 5,5 կմ հատվածում՝ Արաբկիր վարչական շրջանում, հայտնում է Aysor.am-ը։
«Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ, ճարտարապետական լուծումներ։
Մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄ նախարարության օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք», – նշել է նա։
Որոշվել է պետբյուջեից կիրճում հանգստի գոտու կառուցմանը հատկացնել 172 մլն դրամ։ Նիստում նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Նախագծով առաջարկվում է 172 մլն դրամի բյուջեից վերաբաշխում իրականացնել և այն Երևանի քաղաքապետարանին հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար»,-նշել է նա, մեջբերում է Panorama.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնել է, որ նախատեսվել է երեք նման ծրագիր՝ քննարկվող նախագիծը, Դալմայի այգիներում և Նորք-Մարաշում քաղաքային անտառպուրակների ստեղծումը։
Ավինյանը նշել է, որ վերջին չորս տարում արդեն ստեղծվել է 60 հեկտար նոր կանաչապատ տարածք՝ ոռոգման համակարգերով, ինչը, ըստ նրա, գերազանցում է նախորդ 22 տարվա նույն ցուցանիշը։





