AM
9 Ապրիլ 2026 - 11:44 AMT

Իրանում պատերազմի պատճառով շտապ ՀՀ վերադարձածներին մասնակի փոխհատուցման համար 250 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք Իրանում պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի հետևանքով չեն կարողացել վերադառնալ կանոնավոր չվերթներով։ Այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 250 մլն դրամ:

Աջակցություն կտրամադրվի մոտ 1080 ՀՀ քաղաքացու, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան սովորական չվերթներով, հայտնում է Factor.am-ը:

ԱԳ նախարարությունը կազմակերպել է քաղաքացիների վերադարձը՝ ապահովելով թռիչքների թույլտվություններ Օմանից, Լիբանանից և Հնդկաստանից։ ԱՄԷ-ից դեպի Օման կազմակերպվել է անվճար տեղափոխում․ մարտի 4–10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված 5 չվերթներով Օման է տեղափոխվել 253 ՀՀ քաղաքացի։ Մարտի 2–12-ն ընկած ժամանակահատվածում Մասկատ–Երևան ուղղությամբ վերադարձել է 550 քաղաքացի, իսկ մարտի 3–16-ն ընկած օրերին Դուբայ–Երևան չվերթներով Հայաստան է ժամանել մոտ 1030 քաղաքացի։

Մարտի 19-ի տվյալներով դիվանագիտական ներկայացուցչություններին դիմել է մոտ 1080 քաղաքացի, որոնց թվում եղել են նաև ուսանողներ Իսրայելից, Կատարից և Քուվեյթից։ Կառավարությունը նախատեսել է փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնց չվերթները չեղարկվել են՝ յուրաքանչյուրի համար մինչև 250 հազար դրամի չափով։

Ծրագիրը կիրառվելու է 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում գնված ավիատոմսերի համար։ Հայտերը ներկայացվելու են հարթակի միջոցով, իսկ հաստատված գումարները փոխանցվելու են հինգ օրվա ընթացքում։