AM
10 Ապրիլ 2026 - 12:29 AMT

Սուրենյան․ Ցիկլոնը ՀՀ վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ՝ տեղումներ կլինեն, ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ամբողջ տարածքում ապրիլի 12-13-ին տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի, սակայն 15-18-ը կրկին կբարձրանա: Այդ մասին ասուլիսում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Սուրենյանը։

«Միջերկրական ծովից ներթափանցած բավականին ակտիվ ցիկլոնի գոտում է Հայաստանը գտնվում։ Ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ։ Ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները լինելու են Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում։ Այսօր, ինչպես նաև ապրիլի 12-13-ը զգալի քանակով տեղումներ կլինեն, կուղեկցվեն ամպրոպներով, հանրապետության առանձին հատվածներում նաև քամու ուժգնացումներ կլինեն՝ մինչև 24 մ/վ արագությամբ։ Սրանով պայմանավորված հանրապետության լեռնային հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն է սպասվում»,- ասել է Սուրենյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 13-ին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Ապրիլի 14-ից սկսած՝ ցիկլոնն աստիճանաբար կլքի Հայաստանի տարածքը։

Ապրիլի 14-17-ը սպասվում է եղանակային պայմանների շրջադարձային փոփոխություն։ Ապրիլի 15-ից հարավ-արևմուտքից՝ Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքները բերելու են օդի ջերմաստիճանի էական բարձրացման։

Ապրիլի 15-18-ը ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին։

Այդ օրերին լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի մինչև 15 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ 18-20 աստիճանի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվելու է 20-22 աստիճան տաքություն։

Սուրենյանը ընդգծել է, որ ապրիլի 18-ից կրկին նոր ցիկլոն է մոտենալու հանրապետությանը, որի հետևանքով սպասվում են անձրևներ։

Նա նաև նշել է, որ վերջին երկու օրերին հանրապետությունում գրանցվել են առատ տեղումներ, որոնց ծավալը կազմել է ամսական նորմայի մոտ 50-60 տոկոսը։ Նրա խոսքով՝ ձյան ծածկը բավականին բարձր է՝ առավելագույնը հասնելով 311 սմ-ի, և տվյալ պահին ևս ձյուն է տեղացել Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերում։

Մինչ օրս Երևանում և Արարատյան դաշտում նույնիսկ 20 աստիճան տաքություն չի գրանցվել, մինչդեռ նախորդ տարի արդեն մարտի կեսերին արձանագրվել է 20-25 աստիճան տաքություն։