AM
13 Ապրիլ 2026 - 10:17 AMT

Մի խումբ մայրեր նստացույց են անում դատախազության մոտ՝ Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով

Մի խումբ մայրեր Գլխավոր դատախազության շենքի դիմաց նստացույց են անում՝ պահանջելով ազատել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին:

Մասնակիցներից մեկը՝ Մարիաննա Զարգարյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունի Դավիթի տարիքի որդի և եկել է նրան աջակցելու նպատակով, հայտնում է Aysor.am-ը:

«Նստացույցի մասին տեղեկացել եմ ֆեյսբուքյան հարթակից։ Ծաղկազարդի օրը պետք է լինեի այդ եկեղեցում, բայց փոխվեցին պլանները, այլ եկեղեցի գնացինք, հետո իմացա, որ նման սադրանք է եղել»,-ասել է նա:

Մեկ այլ ծնող տեղեկացրել է, որ ակցիան այս պահին նախատեսվել է մեկ շաբաթ տևողությամբ՝ ամեն օր ժամը 11:00-ից մինչև 20:00-ն։

«Նստացույցը սկսում եմ մենակ և կոչ եմ անում բոլոր մայրերին, ովքեր Դավիթ Մինասյանի կյանքի հանդեպ անտարբեր չեն, միանալ, աջակցել, մի քանի րոպեն էլ բավարար կլինի»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ Գլխավոր դատախազից պահանջում են ապահովել անաչառ քննություն և հնարավորություն տալ, որպեսզի Դավիթի բուժումը կազմակերպվի տնային պայմաններում։

«Դավիթի վիճակն այս պահին կրիտիկական է»,-ասել է նա:

Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին: Դատախազը մերժել է փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը:

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու կասկածանքով։

Հետագայում իրականացվել են խուզարկություններ, և մարտի 31-ին հայտնի է դարձել, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ, իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին կալանավորվել է երկու ամսով։

Ապրիլի 3-ին նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու նպատակով, սակայն ավելի ուշ նրա առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է նախ «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։