AM
13 Ապրիլ 2026 - 10:45 AMT

Ավինյան. Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի

Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում շաբաթական չվճարված գումարների հաշվին հնարավոր կլիներ ձեռք բերել երկու նոր ավտոբուս։ Այդ մասին նա ասել է քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստի ընթացքում։

«Հաշվարկները ցույց են տալիս, որ շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասել է քաղաքապետը, հայտնում է Արմենպրեսը:

Նա հավելել է, որ որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա տրանսպորտից օգտվելուց չվճարել։

Քաղաքապետը ներկայացրել է նաև վերջին շաբաթվա ընթացքում իրականացված քայլերը՝ ուղղված հանրային տրանսպորտում վճարումների պատշաճ ապահովմանը։ Նա ընդգծել է, որ միջինացված տվյալներով վալիդացիաների թիվը Երևանում ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս։ Ավինյանը շնորհակալություն է հայտնել պարտաճանաչ քաղաքացիներին՝ կոչ անելով աջակցել վարորդներին և հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին չվճարողների դեմ պայքարում։

«Իրականում որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք հիմնականում մնում են անվրդով։ Ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել նրանց»,-ասել է նա։

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ որոշ չվճարողներ ոչ միայն չեն ամաչում, այլև ցուցաբերում են ագրեսիվ վարքագիծ։ Նրա խոսքով՝ վերջին օրերին գրանցվել են մի շարք տհաճ միջադեպեր հանրային տրանսպորտում։

«Մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ է գրանցվել, որը վերածվել է կռվի, և հարձակում է եղել վարորդի վրա։ Ես գիտեմ, որ երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Եվ իրականում որևէ ոտնձգություն վարորդի նկատմամբ դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ»,-ասել է Ավինյանը։

Նա վստահեցրել է, որ ոլորտում կարգուկանոնի հաստատումից հետո Երևանում հանրային տրանսպորտի որակը զգալիորեն կբարձրանա։