AM
13 Ապրիլ 2026 - 14:34 AMT

ՌԴ-ում վերսկսել են ենթադրաբար «Ջերմուկ» խմած տղամարդու մահվան գործով քննությունը

ՌԴ քննչական կոմիտեն վերաբացել է ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը։

Նշվում է, որ գործը վերաբերում է ծառայությունների մատուցմանը, որոնք չեն համապատասխանել սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին և անզգուշությամբ հանգեցրել են մարդու մահվան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարին, երբ Վլադիկավկազի 65-ամյա բնակիչ, գործարար Օլեգ Գուսովը գնել է «Ջերմուկ» հանքային ջուր։ Հայտարարվել էր, որ մի կում խմելուց հետո նա «ստացել է կերակրափողի այրվածք, քանի որ շշի մեջ ջրի փոխարեն գտնվել է քացախ»։ Հաջորդ օրը նա մահացել է հիվանդանոցում։

Քննչական մարմինները հարուցել են քրեական գործ, սակայն իրականացված գործողություններով չի հաջողվել պարզել հանցագործությանն առնչություն ունեցող անձանց, ինչի հետևանքով քննությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Այնուհետև, մարտ ամսին, նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով, գործը կրկին վերսկսվել է։

Մահացածի կինը և դուստրերը հայց են ներկայացրել արտադրող՝ հայկական «Ջերմուկ Գրուպ» ընկերության դեմ՝ պահանջելով 1.5 միլիարդ ռուբլի փոխհատուցում։ Ընկերությունից հայտարարել են, որ արտադրության ընթացքում քացախաթթվի օգտագործումը բացառված է և հայցը գնահատել են անհիմն։ Բացի այդ, ընկերությունը ռուսական կողմին ներկայացրել է իր արտադրանքի համապատասխանությունը միջազգային չափանիշներին հաստատող փաստաթղթեր։