AM
16 Ապրիլ 2026 - 06:28 AMT

Քաղավիացիա․ Մայիսի 3-5-ը թռիչքների արգելքը կապ չունի կոմերցիոն թռիչքների հետ

ՀՀ օդային տարածքում մայիսի 3-5-ը սահմանվող թռիչքների արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանման մեջ:

Նշվում է նաև, որ արգելքը կապված է միայն նշված ժամանակահատվածում Հայաստանում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Դադարեցվելու են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը՝ պայմանավորված անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

«2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը, մասնավորապես․

• ոչ առևտրային գործարարական թռիչքները,

• ուսումնական թռիչքները,

• անձնական թռիչքները,

• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,

• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները:

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։