AM
16 Ապրիլ 2026 - 07:46 AMT

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման գործընթացները ակտիվորեն շարունակվում են և խիստ վերահսկողության տակ են, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և փորձառու ճարտարապետների անմիջական հսկողությամբ, հայտնում է Արմենպրեսը:

Հայտնի չէ՝ աշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվե՞ն, թե ոչ, քանի որ հուշակոթողի 12 մույթերը հերթով պետք է վերանորոգվեն, սակայն Հրաչյա Թաշչյանը հավաստիացրել է՝ դա որևէ կերպ չի խաթարելու հուշարձանի նախնական տեսքը և չի խանգարելու ապրիլքսանչորսյան երթին:

«Բծախնդրորեն վերահսկվում է այս պրոցեսը։ Ողջ գործընթացը կատարելապես համապատասխանում է նախագծային պարամետրերին: Որևէ բան խախտված չէ»,-ասել է նա:

Թաշչյանի խոսքով՝ շինարարության ընթացքում թանգարանն ու հուշահամալիրը այցելուների պակաս չեն ունեցել:

«Ամենօրյա ռեժիմով պատվիրակություններ են այստեղ գալիս: Տեսնում եք՝ զբոսաշրջիկների մեծ և մշտական հոսք կա և՛ հուշահամալիրում, և՛ թանգարանում»,-հավելել է նա։

Ապրիլքսանչորսյան ավանդական երթից բացի, ապրիլի 23-ին թանգարանում կգործի ժամանակավոր ցուցադրություն, որտեղ կներկայացվեն դեռևս Հայոց ցեղասպանության տարիներին հայ անհատների, հայկական հոգևոր, հասարակական քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները:

«Մենք ունենալու ենք ցուցադրություն, որը վերաբերելու է հայ առաջին վավերագրողներին: Եվ այստեղ խոսքը գնում է հայ մտավորականների, հայ հոգևորականների, ռազմական գործիչների, քաղաքական գործիչների մասին, որոնք փաստահավաք գործունեություն են իրականացրել, փաստագրել են, վավերագրել են այն, ինչ տեղի է ունեցել»,-ասել է նա։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ թանգարան-ինստիտուտը յուրաքանչյուր տարի համալրվում է մոտ 100 թանգարանային նշանակություն ունեցող նմուշով։ Անցած տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտ է այցելել մոտ 90, 000 զբոսաշրջիկ:

«Անցած տարի 90,000 այցելու է եղել, որից 75,000-ն օտարերկրացի զբոսաշրջիկներ էին: Եվ իմ համար շատ ուրախալի է տեսնել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում այցելող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է»,-ասել է նա։