AM
16 Ապրիլ 2026 - 11:41 AMT

2025-ին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը՝ Արցախից բռնի տեղահանվածների

2025 թվականի ընթացքում հանրապետության նախագահի հրամանագրերով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որոնցից 19,367-ը հանդիսացել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր երկրներից հայեր, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներ ակտիվորեն դիմել են քաղաքացիություն ստանալու համար, և 2025 թվականին գործընթացը իրականացվել է բարձր տեմպերով, հայտնում է 1lurer.am-ը:

«Քաղաքացիության շնորհման տեսանկյունից ավելացում ունենք: Սա թույլ է տալիս փաստելու, որ ՀՀ-ն գրավիչ պետութուն է դառնում թե՛ ազգությամբ հայերի համար, որոնք այս պահին չունեն ՀՀ քաղաքացիություն, թե՛ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների և օտարերկրյա այլ պետության ներկայացուցիչների համար»,- ասել է նա։

Նախարարն անդրադարձել է նաև այն պնդումներին, թե պետությունը նպատակային կերպով չի տրամադրում քաղաքացիություն Ղարաբաղից տեղահանվածներին։ Նրա խոսքով՝ 2025 թվականին քաղաքացիություն ստացած 19,367 անձից բացի, ընդհանուր առմամբ 36,676 տեղահանված անձ փաստացի ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որոնց մի մասը՝ անձնագրավորման ընթացակարգով, իսկ մյուս մասը՝ նախագահի հրամանագրերով։

«Տեղահանված անչափահասները եղել են ընդհանուր առմամբ 28 հազարը, որից 12 հազարն արդեն իսկ անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն»,- նշել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։