AM
16 Ապրիլ 2026 - 12:53 AMT

Ավանեսյան․ Ունենք 3-րդ, 4-րդ փուլի քաղցկեղների թվաքանակի շեշտակի նվազում

Վերջին տարիներին ներդրվել են քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր սքրինինգային ծրագրերը, առաջինը կանանց համար կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը, որը Հայաստանում առաջին տեղում է մահացության մասով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ այդ մամոգրաֆիկ հետազոտության ու դեղորայքային ու հետագա բուժօգնության կազմակերպման արդյունքում ունենք 3-րդ, 4-րդ փուլի քաղցկեղների թվաքանակի շեշտակի նվազում, հայտնում է 1lurer.am-ը:

«Այսինքն՝ ավելի շատ հայտնաբերում ենք 1-ին, 2-րդ փուլում, բուժում ենք, կառավարում ենք և ունենում ենք երկար ապրելիության ցուցանիշներ»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ ծրագիրը շարունակում է գործել պետպատվերի շրջանակում այն անձանց համար, ովքեր դեռ ապահովագրված չեն, իսկ ապահովագրական փաթեթներում այն արդեն ընդգրկված է։

«Դրա համար ևս մեկ անգամ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում՝ ժամանակին գնալ հետազոտվել և կանխարգելել շատ վտանգավոր հիվանդություններ»,- ընդգծել է Ավանեսյանը։

Նա տեղեկացրել է, որ հաջորդ կարևոր ուղղությունը կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրն է, որը արդեն ներդրվել է և ակտիվորեն իրականացվում է։

«Ներդրել ենք նոր թեստային համակարգեր, որոնք շատ հեշտ են օգտագործման համար, հաջորդիվ ամբողջ բուժական ցիկլը ևս ապահովում ենք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվում են նաև կանանց շրջանում պապիլոմավիրուսի կանխարգելման ծրագրեր։

Նախարարի խոսքով՝ ապահովագրական փաթեթներում զգալի տեղ է հատկացվել կանխարգելիչ միջոցառումներին, և ժամանակի ընթացքում նախատեսվում է ներդնել տարեկան պարտադիր հետազոտությունների համակարգ։

«Մենք հասնելու ենք նրան, որ կանխարգելումը դառնա վարքագիծ»,- եզրափակել է Ավանեսյանը։