Ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը։
Դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանն ասել է․ «15 տարվա աշխատանքից հետո ուսուցիչները կհամարվեն ատեստավորված, և նրանց աշխատավարձը կբարձրանա», հայտնում է Aravot.am-ը:
Նա հավելել է, որ ուսուցիչը կստանա այնքան աշխատավարձ, որքան կստանար, եթե բարձր միավորներով կաղթահարեր ատեստավորումը:
«Ես, որպես ուսուցիչ, որը 10 տարի աշխատել է կրթական համակարգում, պետք է ասեմ, որ այն ուսուցիչը, որն ամեն օր մտնում է դասարան, շփվում է երեխաների հետ, փոխանցում է գիտելիքները, կարիք չունի ատեստավորման համակարգով անցնելու, որպեսզի իր աշխատավարձը բարձրանա»,- հավելել է Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ դատավորների աշխատավարձը բերում և ԱԺ-ով բարձրացնում են:
«Վերջերս, օրինակ, ՍԴ դատավորի աշխատավարձի բարձրացման օրինագիծ էին բերել, քաղաքական մեծամասնությունն էլ կողմ էր քվեարկել։ Այսինքն՝ դատավոր, դատախազ, քննիչ՝ բոլորինը օրենքով պետք է բարձրացվի, իսկ ուսուցիչը, որ ամեն օր մտնում է դասարան, պետք է ստորացուցիչ ատեստավորման համակարգով անցնի, որ նո՞ր աշխատավարձը բարձրանա»,-նշել է ԱԺ պատգամավորը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





