AM
17 Ապրիլ 2026 - 08:48 AMT

Չնայած գրիպի սեզոնի ավարտին, շնչառական վիրուսները շարունակվում են շրջանառվել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն՝ 2026 թվականի 15-րդ շաբաթում (06.04.2026-12.04.2026) արձանագրվել է ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թվի էական նվազում։

Այդ ցուցանիշը կազմել է 57, ինչը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 39 տոկոսով։ ԾՍՇՎ նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 4.8 տոկոսը, ինչը գրեթե կրկնակի նվազել է նախորդ շաբաթվա համեմատ, հայտնում է «Հերացի» վերլուծականը:

Տարիքային խմբերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերը բաշխվել են երկու հիմնական խմբերում՝ 0-4 տարեկանների շրջանում՝ 58 տոկոս, իսկ 5-14 տարեկանների շրջանում՝ 42 տոկոս։ 0-4 տարեկան խմբից վեց երեխա հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է հինգ։ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի 2026 թվականի ապրիլի 10-ի հայտարարության համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2025/26 թվականների գրիպի սեզոնը համարվել է ավարտված։ Գրիպի ակտիվության տարածաշրջանային մակարդակը վերադարձել է սեզոնային համաճարակային շեմից զգալիորեն ցածր ցուցանիշների։

Նշվում է, որ 2025/26 սեզոնը բնութագրվել է վաղ մեկնարկով՝ նոյեմբերի սկզբին, այսինքն մոտ չորս շաբաթ շուտ, քան միջին սեզոնային ժամանակահատվածը։ Վերջին շաբաթներին գրիպի ակտիվությունը շարունակաբար նվազել է, և ընդհանուր առմամբ սեզոնը եղել է մի քանի շաբաթով ավելի կարճ տարածաշրջանային միջին ցուցանիշից։

Չնայած գրիպի սեզոնի ավարտին՝ շնչառական վիրուսները շարունակել են շրջանառվել տարածաշրջանում, հատկապես շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV), որի ակտիվությունը մի շարք երկրներում դեռևս պահպանվել է բարձր մակարդակի վրա։