Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Այժմ կատարվում են մաքրման աշխատանքներ:
«Այս փուլում մաքրման աշխատանքներ են տարվում, որոնք նույնպես կավարտվեն Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին ընդառաջ»,– հայտնել են գերատեսչությունից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50–րդ տարելիցի կապակցությամբ։
Հուշահամալիրի և թանգարան–ինստիտուտի տարածքում լայնածավալ պլանային վերանորոգման գործընթացը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ղեկավարությամբ, ով համահեղինակն է հուշահամալիրի և նույնանուն թանգարան–ինստիտուտի նախագծի, որը կառուցվել է գրեթե 60 տարի առաջ։





