AM
20 Ապրիլ 2026 - 08:31 AMT

Նուբարաշենի աղբավայրում պայթյունից տուժած տնօրենի և աշխատակցի վիճակը կայուն ծանր է

Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունից տուժած տնօրենի և աշխատակցի վիճակը կայուն ծանր է: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Զեկուցվել է, որ սանհանգույցում արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչով է պայմանավորված, և երբ մտել ու լույսը վառել է, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Radar Armenia-ն:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով կատարվածին, նշել է. «Աղբավայրում ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացնենք։ Շատ վատ դեպք է եղել։ Բավականին վտանգավոր միջավայր է և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ»։

Քաղաքապետի խոսքով՝ աղբավայրում իրականացվել է լայնածավալ աշխատանք:

«Բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք»,-հավելել է նա: